Ստեղծագործական միություններն ապրում են դեռևս խորհրդային տարիների իներցիայով՝ մերժելով նորը, ժամանակակիցը, այն ամենը, ինչը դուրս է կաղապարներից: Ժամանակակից արվեստն այսօր մեկուսացած է և ներկայացվում է միայն փոքր սրահներում, այն խմբերի ու անհատների համար, ովքեր գնահատում են, հետաքրքրվում և անում ամեն ինչ այդ արվեստը հանրայնացնելու ուղղությամբ: Արվեստագետ Արման Գրիգորյանը կարծում է, որ պետք է հենվել հետանկախության շրջանում ստեղծված ինստիտուտների վրա, որոնք էլ կարող են տարածել ժամանակակից արվեստը, իսկ Նկարիչների միությունը սովետական իներցիայով ապրող կառույց է: irates.am-ի հետ զրույցում Արման Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ թեև կան անհատներ, որոնք զբաղվում են ժամանակակից արվեստը հանրայնացնելով, սակայն իրականում կա մարդկային, ֆինանսական ռեսուրսների լուրջ խնդիր: Ըստ նրա՝ այսօր պատկերասրահները, թանգարանները գործում են սովետական իներցիայով և պահպանում են այդ ավանդույթները: «Պետք է համբերատար աշխատել և սպասել արդյունքներին: Նոր ինստիտուտները դանդաղ և դժվար են կայանում»,- ասաց նա: Արման Գրիգորյանի ուշադրութունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ հենց կրթության խնդիրը Հայաստանում չի դիտվում առաջնային: Օրինակ, Վրաստանի նախագահի թեկնածուները կրթության ոլորտի խնդիրն իրենց ծրագրերում համարում էին թիվ մեկ խնդիր, իսկ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում այն զբաղեցնում է վերջին սանդղակը: «Ինձ համար դրանք ձևական բնույթ ունեն: Թող արվեն քայլեր, և մենք տեսնենք, որ կոնրետ քայլեր են արվում»,- ասաց նա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ